Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից:

 

Անընկալությունը, ինչպես նաև ընկալությունը տվյալ կենսաբանական տեսակի (մարդ, թռչուն, ջրում, ցամաքում բնակվող կենդանիներ) հատկանիշն է, որի շնորհիվ կենդանիները մարդու հիվանդություններով և մարդիկ` տարբեր կենդանիների հիվանդություններով չեն հիվանդանում: Պարզապես այս կամ այն հիվանդությամբ մարդը կամ կենդանին հիվանդանում է, եթե նրանց օրգանիզմում տվյալ հիվանդության հարուցիչների բազմացման համար բարենպաստ պայմաններ կան: Եթե դրանք բացակայում են, ապա այդ հարուցիչների մուտքը տվյալ օրգանիզմ զարգացման, բազմացման հեռանկար չի ունենում, ուստի դրանք ոչնչանում կամ ինքնաարտաքսման են ենթարկվում: Այնպես որ, վերջին դեպքում մարդը պարզապես չի հիվանդանում, քանի որ նրա օրգանիզմը այդ հարուցչի համար օտար է, իսկ օրգանիզմը դրան ոչնչացնելու և դրանից պաշտպանվելու ջանքեր չի թափում` հակամարմիններ չի մշակում: Սա տեսակային անընկալությունն է: Այնինչ իմունիտետը հատուկ պաշտպանական հակամարմինների, հակաթույների առկայությունն է, որի կարիքն ունի տվյալ հիվանդության նկատմամբ ընկալ օրգանիզմը: Իմունիտետը ձևավորվում է, եթե տվյալ հիվանդության հարուցչի բազմացման համար օրգանիզմում բնական պայմաններ կան: Ուստի այդ հարուցիչներից պաշտպանվածությունն ապահովելու համար այստեղ իմունային հատուկ հակամարմիններ են մշակվում: Գործի է դրվում իմունային համակարգի օրգանների պաշտպանիչ բջիջների ամբողջ հավաքակազմը: Ուրեմն, իմունիտետը օրգանիզմում կոնկրետ որևէ հարուցչի դեմ հատուկ հակամարմինների և հակաթույների առկայությունն ու դրանց մշակման գործընթացն է: 


Տարբերում են իմունիտետի հետևյալ տեսակները:

 

  1. Բնական իմունիտետ, երբ մարդը որոշակի հիվանդությունների դեմ բնական ճանապարհով հակամարմիններ է ձեռք բերում.


  • ա) մորից` պտղի ներարգանդային զարգացման ընթացքում (սա բնական, պասիվ, ժամանակավոր իմունիտետն է),
  •  բ) ախտածին հարուցիչներով վարակվելիս, երբ օրգանիզմի իմունային ամբողջ համակարգը գործի է դնում իր տեղային ու արյունային մեխանիզմները և այդ հիվանդածին մանրէներին չեզոքացնող հատուկ հակամարմիններ, հակաթույներ է արտադրում: Սա բնական, ակտիվ, երկարատև իմունիտետն է, որի շնորհրվ մարդը երկրորդ անգամ այդ հիվանդությունով չի հիվանդանում: Ավելին, այդ նույն հարուցչի հետ հաջորդ հանդիպումների դեպքում օրգանիզմում արթնանում է իմունաբանական հիշողությունը, և իմունային համակարգն ավելի բուռն հակազդող պատասխան է տալիս:

 

Եվ քանի որ բնական ակտիվ իմունիտետը օրգանիզմում պարտադիր կարգով ձևավորվում է ախտածին մանրէներով վարակման կամ տվյալ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում, ուստի բնակչությանը այդ համատարած վտանգից զերծ պահելու համար կիրառում են կանխարգելիչ` արհեստական միջոցներ: Այսպես, համատարած հիվանդությունից խուսափելու նպատակով վարակի զարգացման վտանգի գոտում ապրող մարդկանց օրգանիզմ են ներմուծում.

 

  • ա) կամ ժամանակավոր պաշտպանվածությունն ապահովելու համար նախապես մշակված հատուկ պաշտպանիչ իմուն հակամարմիններ (սա արհեստական պասիվ իմունիտետն է), 
  • բ) կամ բնակչության խոցելի խմբերում որևէ հիվանդության դեմ երկարատև կայուն իմունիտետ մշակելու նպատակով օրգանիզմ է ներմուծվում տվյալ վարակիչ հարուցչի ախտածին հատկություններից զրկված, բայց իմունային հատկանիշներ կրող սպիտակուցները` որպես պատվաստանյութ (վակցինա): Վերջինս դրդում է օրգանիզմի իմունային համակարգի օրգաններին ու բջիջներին, և սրանք ակտիվ ձևով սկսում են հատուկ հակամարմիններ, հակաթույներ արտադրել: Դա ապահովում է երկար ժամանակով պաշտպանվածությունը տվյալ հիվանդությունից, ինչպես նաև պահպանվում է վերը նշված իմունաբանական հիշողությունը: Սա արհեստական ակտիվ, երկարատև իմունիտետն է:

 

Այժմ, երբ ձեզ հայտնի է իմունիտետի բուն էությունը և նրա տարատեսակների դերը օտար ազդակներից մարդու օրգանիզմի պաշտպանվածության գործում, հիշեցնենք, որ արտաքին ծածկույթներից (մաշկ, լորձաթաղանթներ) և տարբեր օրգանների հյուսվածքներից արյան ու ավիշի մեջ թափանցած բոլոր օտար սպիտակուցները, թույներն ու հիվանդածին մանրէները արյան միջոցով նախ և առաջ հայտնվում են ամբողջ օրգանիզմում տարածված ավշային հանգույցներում (նկ. 1), որտեղ սկսվում է այդ օտար «հյուրերի» ստուգման, ճանաչման ու տարբերակման գործընթացը: Այս ընթացքում օտար «հյուրերի» ներթափանցման մուտքին մոտ գտնվող ավշային հանգույցներն ու հանգուցախմբերը մեծանում են, առաջանում են բորբոքման բոլոր նշանները (ցավ, կարմրություն, տեղային ջերմաստիճանի բարձրացում, այտուց և ֆունկցիայի խանգարում): Օտար «հյուրերին» չեզոքացնող, ոչնչացնող հատկանիշներով օժտված մեծ լիմֆոցիտները` ֆագոցիտները կլանում, խժռում են ախտածին մանրէներին (նկ. 2): Հաճախ սրանով էլ ավարտվում է օրգանիզմը դրանց ազդեցությունից զերծ պահելու տեղային հյուսվածքային, բջջային իմունիտետի գործընթացը: Սակայն, երբ այս սահմանագծում առկա հնարավորությունները չեն բավարարում դրանց զարգացումն ու բազմացումը կանխելու համար անհրաժեշտ պահանջներին, և վարակը օրգանիզմում տարածվելու վտանգ է սպառնում, ապա սկսում է գործել հումորալ` արյունային իմունիտետը: Դա մի գործընթաց է, որին մասնակցում են, այսպես կոչված` լիմֆոիդ հյուսվածքի բոլոր օղակները (նկ. 1)` արյունաստեղծ օրգաններ` փայծաղը, ոսկրածուծը, թիմուսը (ուրցագեղձ), որոնք արյունային և ավշային համակարգերի բազմատեսակ իմունային գործառույթներ իրականացնող` արյան և ավշային նախնական, T և B լիմֆոցիտներ, պլազմատիկ բջիջներ են արտադրում (նկ. 3 և 4): Գործի են դրվում ներզատական գեղձերի հորմոններն ու իմունային գործընթացի համար պատասխանատու բոլոր բջիջները: 

 

Նկար 1. Իմունային համակարգի օրգանները


 

Նկար 2. Ֆագոցիտը կլանում, քայքայում և դուրս է շպրտում օտար սպիտակուցին


 

Նկար 3. Արյունաստեղծ օրգաններից ծնված լիմֆոցիտները


Նկար 4. Լիմֆոցիտների տարատեսակները


Պաշտպանիչ հակամարմիններ իմունոգլոբուլիններ

 

Սրանք լիմֆոկիններ են արտադրում

 

Այստեղ չափազանց մեծ է արյան, որպես ունիվերսալ փոխադրամիջոցի դերը, որը հյուսվածքներին թթվածին, սննդանյութեր մատակարարելուց և նյութափոխանակության արգասիքները հյուսվածքներից հեռացնելուց բացի, ամբողջ օրգանիզմով մեկ իմունիտետի մշակման վերը նշված կենտրոններին է հասցնում ավշային հանգույցում հայտնված օտար սպիտակուցի, ախտածին մանրէի մասին ինֆորմացիան: Դրանով արյունն ապահովում է օրգանիզմի պաշտպանական միջոցների համակցված և առկա պահանջին համապատասխան ուժերի վերադասավորումը: Վերջինս իրականացվում է ներթափանցած օտար մանրէի դրդմամբ, լիմֆոցիտների կողմից արտադրվող և արյան մեջ շարունակ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերի` լիմֆոկինների շնորհիվ (նկ. 4): Լիմֆոկինները գործի են դնում և կարգավորում թիմուսում, ոսկրածուծում, փայծաղում ծնվող լիմֆոցիտների արտադրությունը, ոսկրածուծի բջիջներից հակամարմիններ, սպիտակուցներ արտադրող պլազմատիկ բջիջների գոյացումն ու ակտիվ գործունեությունը:

 

Եվ այս նորաստեղծ պլազմատիկ բջիջների շարունակ աճող բազմությունը ողողում է ավշային և արյունային համակարգերը ախտածին մանրէներին ոչնչացնող հատուկ հակամարմիններով: Այսպիսով, արյունային (հումորալ) իմունիտետը ապահովում է օրգանիզմի հաղթանակն ախտածին մանրէներով հարուցված և զարգացող հիվանդության դեմ:

 

Ինչ վերաբերում է լիմֆոկինների և հորմոնային նյութերի փոխկապակցված գործընթացների ուսումնասիրություններին, դրանք այսօր ևս մոլեկուլային կենսաբանության առօրեական խնդիրներից են:

Հեղինակ. պրոֆ. Մարտունի Մուրադյան համաճարակաբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. xn--80abghkh3cag.xn--p1ai
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ